Սխալ տեղեկություն․ Քոչարյանի հանրահավաք մարդկանց բերող ավտոբուսը վթարվել է

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հունիսի 18-ին Civic.am կայքը գրեց, թե «առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց»։

Կայքը գրում էր, որ տեղեկությունը ստացել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկից, և որ վթարը տեղի է ունեցել Սառնակունք գյուղի մոտակայքում։ Civic.am-ը նաև մեջբերում էր Սիսիանի բժշկական կենտրոնին, որտեղից կայքին տեղեկացրել էին, որ վիրավորվածները 5-ն են, որից 4-ը՝ կանայք և երեխաներ։

Նորից հղում անելով անանուն աղբյուրներին՝ Civic.am-ը պնդեց, թե Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին «բերել է» Լեռնային Ղարաբաղի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Ավտոբուսի վթար չի արձանագրվել

Սիսիանի ոստիկանությունից Media.am-ին և Factcheck.ge-ին տեղեկացրեցին, որ 5 տուժածներով վթար իսկապես տեղի է ունեցել, բայց եղել է ոչ թե ավտոբուսի վթար, ինչպես պնդում էր Civic.am-ը, այլ սովորական թեթև մարդատար ավտոմեքենայի։

Ոստիկանությունից նշեցին, որ վթարը տեղի է ունեցել կեսօրին Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա․ «Մեքենան սեփական մեքենա է եղել՝ Nissan X-Trail, մարմնական վնասվածքով վարորդն է իրա ընտանիքի անդամների հետ միասին», հայտնեցին ոստիկանությունից։

Սիսիանի ոստիկանությունից նաև հայտնեցին, որ նշված օրը՝ հունիսի 18-ին, որևէ ավտոբուսի վթար տեղի չի ունեցել։

Ընտանիքը եղել է սեփական մեքենայով

Ֆեյսբուքյան օգտագեր Վարդան Բալյանը (Balyan Vardan) գրեց, որ վթարի ենթարկվածները իր բարեկամներն են եղել և նրանք չէին ուղևորվում Քոչարյանի հանրահավաքին։ Media.am-ի հարցերին ի պատասխան՝ Բալյանը նշեց․ «իմ հարազատներն են, ովքեր Երևանից վերադառնում էին Արցախ։ Վթարը կեսօրին է եղել։ Մեքենայի անսարքության պատճառով կորցրել է կառավարումը և կողաշրջվել»։

Բալյանը ասաց, որ ընտանիքի անդամները թեթև վնասվածքներ են ստացել․ «Սիսիանի հիվանդանոցում էին երեկոյան։ Երկու հոգի զինվորական հոսպիտալում Աղիտու։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Ուղղաթիռով բժիշկներ են եկել Երևանից։ Սամվելի [վարորդի] վիճակը շատ վատ էր, տեղափոխման ենթակա չէր, Ավտոբուս չի եղել։ Իրենց մեքենայով են եղել, Սառնակունքի մոտ է եղել վթարը։ Այնտեղ ձոր կա մինչև գյուղ հասնելը, - պատմեց Վարդան Բալյանը։ «Ես պատահական տեսա Հովսեփի [«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի] մոտ, հետո տեսա, որ լրատվամիջոցները տարածում են [այս լուրը]», հավելեց Վարդան Բալյանը։

Այսինքն՝ չիմանալով այն տվյալները, որ Media.am-ին և Factcheck.ge-ին հայտնել էին ոստիկանությունից, Վարդան Բալյանը նույնպես ասաց, որ վթարը տեղի է ունեցել կեսօրին և եղել է ընտանիքի սեփական մեքենայով։

Ավտովթարների մասին հաղորդող կայքը արձանագրել է Nissan-ի վթարը

Քոչարյանի հանրահավաքին ուղևորվող ավտոբուսի վթարի մասին լուրին արձագանքել էր նաև ավտովթարները լուսաբանող հայտնի Shamshyan.com կայքը։

Կայքը գրել էր, որ հունիսի 18-ին խոշոր ավտովթար տեղի է ունեցել, բայց ավտոբուս չի եղել։ «Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը», գրել է կայքը։

Ինչպես և Վարդան Բալյանը՝ Shamshyan.com կայքը հայտնում էր, որ վարորդի վիճակը ծանր է․ «Վիրավորներից Ս. Մանգասարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մնացածները՝ ծանր կայուն»։

-----------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5667 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
16%
Սուտ
12%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող

բոլոր հոդվածներին