Բեռնվում է

Դավադրության տեսություն․ Covid-19-ի դեմ պատվաստումները մարդկանց վերածելու են կիբօրգների

Վճիռ՝ կեղծ լուր

Ֆեյսբուքյան օգտատեր Hrayr Kostanyan-ը (Հրայր Կոստանյան) տարածեց տեսահոլովակ, որում բժիշկ ներկայացող ամերիկուհի Քերի Մադեյը շարադրում էր հակապատվաստումային դավադրության տեսություն՝ պնդելով, թե համավարակ գոյություն չունի, իսկ պատվաստումներով մարդկանց մեջ նանոբոտեր են տեղադրում, որպեսզի կարդան նրանց մտքերը և հեշտ կառավարելի դարձնեն։

Տեսանյութը նոր չէ և տարածվել էր տարբեր երկրներում։ Դրանում հնչող պնդումները արդեն ստուգվել և հերքվել են։ Չնայած դրան, Հրայր Կոստանյանի էջում հուլիսի 14-ի դրությամբ տեսանյութը դիտվել էր ավելի քան 18,000 անգամ։

Ո՞վ է Քերի Մադեյը

Քերի Մադեյը ներկայանում է որպես բժիշկ և առողջապահության դասախոս, որ երկար տարիներ հետազոտում է պատվաստումները։ Սակայն իրականում Մադեյը oստեոպաթ է, այսինքն զբաղվում է օստեոպաթիայով՝ այլընտրանքային բժշկության տեսակով, որը չունի գիտական հիմք։ Մանիպուլացնելով գիտական տվյալները՝ Մադեյը մի շարք սխալ պնդումներ էր արել նշված տեսանյութում։

Սխալ պնդումներ․ համավարակի գոյություն չունենալուց մինչև կիբօրգներ

Տեսանյութում հնչում էին բազմաթիվ սխալ և մանիպուլյատիվ պնդումներ։ Ահա դրանցից մի քանիսը․

1. Պատվաստումները առաջացնում են անպտղություն

Պատվաստումների՝ անպտղություն առաջացնելու մասին միֆը տարածված է, բայց չունի որևէ գիտական ապացույց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ընդգծում են, որ Covid-19-ի դեմ պատվաստումները որևէ կերպ չեն կարող միջամտել վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ ո՛չ կանաց մոտ, ո՛չ էլ տղամարդկանց։ Պտղաբերություն բրիտանական միությունը և Մեծ Բրիտանիայի Վերարտադրողական և կլինիկական գիտնականների ասոցիացիան նույնպես նշում է, որ չկան գիտական վկայություններ կամ տեսական պատճառներ ենթադրելու, որ պատվաստումները ազդում են կանանց կամ տղամարդկանց պտղաբերության վրա։

2. Համավարակ գոյություն չունի, մարդկանց ուղղակի վախեցնում են․ մահացության ցուցանիշները աշխարհում չեն աճել

Այս պնդումը նույնպես սխալ է։ Կորոնավիրուսի վարակը տարածվել է երկրագնդով մեկ, այդ պատճառով էլ խոսում ենք գլոբալ համավարակի մասին։ Հուլիսի 14-ի դրությամբ վարակից մահացածների թվերը աշխարհում գերազանցել է 4 միլիոնը, իսկ Հայաստանում արդեն մահացել է ավելի քան 4,500 մարդ։ 2020-ին՝ թե՛ պատերազմով, թե՛ համավարակով պայմանավորված, Հայաստանը ունեցել է 1988-ի երկրաշարժից ի վեր ամենաբարձր մահացության ցուցանիշը։

3. Պատվաստումները պարունակում են լյուցիֆերին, որը ապացուցում է, որ մարդը պատվաստված է։

Քերի Մադեյը նշել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պարունակում են լյուցիֆերին՝ լուսարձակող տարր, որը պարունակվում է, օրինակ, լուսարձակող օրգանիզմներներում (լուսատտիկներում, որոշ սնկերում և այլն):

Ըստ նրա՝ լյուցիֆերինի պարունակությունը պատվաստվածների օրգանիզմում ստուգում են բջջային հավելվածով՝ այդպիսով ապացուցելով, որ մարդը պատվաստվել է։

Covid-19 պատվաստումները չեն պարունակում լյուցիֆերին։ Պատվաստանյութերի պարունակությունը կարելի է տեսնել այստեղ՝ Moderna, Pfizer, Johnson & Johnson, AstraZeneca, Sputnik V, Sinovac:

4. Պատվաստումների միջոցով մարդկանց մեջ նանոբոտեր են տեղադրում՝ վերածելով նրանց կիբօրգների։

Պատվաստումների միջոցով մարդկանց մեջ «չիպ» կամ այլ ռոբոտային մասնիկ տեղադրելու և նրանց կառավարելու մասին դավադրության տեսությունը լայնորեն տարածվեց համավարակի ժամանակ։ Սակայն ինչպես արդեն նշեցինք՝ պատվաստանյութերի բաղադրությունները հրապարակվել են, և դրանց մեջ «չիպեր» կամ «նանոբոտեր» չկան։ Մադեյի պնդումները այն մասին, թե այդ մասնիկների օգնությամբ կարելի է կարդալ մարդկանց մտքերը և հետևել նրանց, անհիմն են։

Այսպիսով՝ շուրջ 26 րոպեանոց տեսանյութի ժամանակ oստեոպաթ Քերի Մադեյը հնչեցնում է մի շարք պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասպանում և այս կամ այն կերպ տեղավորվում են Covid-19-ի մասին հայտնի դավադրության տեսությունների շրջանակներում։

--------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

4167 - Ստուգված փաստ
Կեղծ Լուր
25%
Ճշմարտություն
19%
Մեծ մասամբ ճշմարտություն
11%
Մանիպուլյացիա
8%
Կիսով չափ ճշմարտություն
8%

Ամենաընթերցվող