Կեղծ լուր․ Պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի երեխա ունենալ

Վճիռ՝ կեղծ լուր

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում ստեղծվեց ֆեյսբուքյան նոր էջ՝ «Կորոնավիրուս = դարի աֆերա»։ Այն զբաղված էր կորոնավիրուսի, դրա դեմ պայքարի մասին կեղծ լուրեր և դավադրության տեսություններ տարածելով։ Էջը ստեղծվել է 2020-ի ապրիլի 3-ին: Կառավարվում է ֆեյսբուքյան երկու օգտահաշիվների կողմից՝ Ռուսաստանի տարածքից:

Էջի հետևորդների թիվը ավելի քան 4800 է: Media.am-ը մի քանի անգամ անդրադարձել է վերջինիս հրապարակած ապատեղեկատվություններին։ Այժմ էջը հետևողականորեն հակապատվաստումային արշավ է իրականացնում։ Հուլիսի 12-ին, օրինակ, գրել էր, թե պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի երեխա ունենալ, և, որ խոսքը ոչ թե հորինվածքի, այլ բժիշկների խորհուրդների մասին է։

«Սա ես չեմ հորինել, այլ բժիշկների խորհուրդն է: Նոր սերնդի պատվաստանյութը առնվազն մեկ ու կես տարի գործելու է պատվաստվողի օրգանիզմում, և շատ տրամաբանական է, որ այդ ընթացքում չի կարելի երեխա ունենալ...»,- գրել էր էջը։

Անպտղությունը կամ երեխա ունենալու հակացուցումը հակապատվաստումային շարժման ամենահայտնի միֆերն են։ Իրականում կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստման և անպտղության միջև չկա կապ, ավելին՝ մասնագետների խոսքով՝ նախքան հղիանալը խորհուրդ է տրվում պատվաստվել COVID19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկով, քանի որ հղիները դասվում են խոցելի անձանց խմբին և կարող են առավել ծանր տանել հիվանդությունը։

Հղիների պատվաստվել-չպատվաստվելու հարցն արդիական էր պատվաստանյութի ստեղծման սկզբնական փուլում, երբ դեռևս հայտնի չէր դրա ազդեցությունը նրանց վրա ինչպիսին կարող է լինել։

Պատվաստանյութերի հարցով Գերմանիայի մշտական հանձնաժողովը ասել էր, որ հղի կանանց շրջանում պատվաստանյութի ազդեցության մասին տվյալները քիչ են, քանի որ հղիները, որպես կանոն, կլինիկական փորձարկման փուլին չեն մասնակցում։ Սակայն իրավիճակը փոխվում է, քանի որ հղիների շրջանում փորձարկումներ ևս իրականացվել են։ 2021-ի փետրվար ամսին BioNTech-ը և Pfizerհայտարարեցին, որ սկսել են կլինիկական փորձարկումները նաև հղիների դեպքում՝ հասկանալու պատվաստանյութի էֆեկտիվությունը նրանց շրջանում։

Մեծ Բրիտանիայում վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված հղիների շրջանում մեռելածնությունը կամ երեխայի վաղաժամ ծնունդը առավել բարձր է եղել։

Լոնդոնում գործող Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (Royal College of Obstetricians and Gynaecologists) հրապարակած վերջին խորհուրդներում թվարկվում է հղիության ընթացքում կամ դրանից հետո պատվաստվելու առավելությունները.

⭕️ Հղիության ծանր ընթացքի նվազում

⭕️ Մեռելածնության և վաղաժամ ծնունդի ռիսկի նվազեցում

⭕️ Տան խոցելի անդամներին վիրուսի փոխանցման ռիսկի նվազեցում

Խորհուրդներում առանձնացված են նաև մի քանի կարևոր հանգամանքներ՝ կապված պատվաստումներ հետ։

📌COVID19-ի դեմ պատվաստանյութերը ցանկալի է կիրառելի լինեն հղիների համար այնպես, ինչպես մյուս խմբի անձանց։ Պատվաստանյութը չի պարունակում որևէ բաղադրիչ, որը հակացուցված է հղիներին։

📌Հղիները պատվաստվելու մասին որոշումը պետք է կայացնեն մասնագետի հետ խորհրդատվությունից հետո՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։

📌Կարիք չկա դադարեցնելու կրծքով կերակրումը, եթե պատվաստվել եք։

📌Պատվաստվելուց հետո հղիությունից խուսափելու կարիք չկա․ չկա որևէ ապացույց, որ COVID19-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա։

Հղիանալը պատվաստվելուց հետո հակացուցված չէ

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ պատվաստանյութը պետք է առաջարկվի հղիներին և կերակրող կանանց։ Կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021-ի ապրիլի 5-ի դրությամբ COVID19-ի դեմ պատվաստված 77000 անձ հղի է եղել։ V-Safe (V-Safe-ը բջջային հավելված է, որը Covid19 դեմ պատվաստվելուց հետո տեքստային հաղորդագրությունների ու վեբ հարցումների միջոցով անձանց առողջական վիճակի մասին տեղեկություն է փոխանցում) օնլայն համակարգի հավաքագրած տվյալների գնահատումը ցույց է տվել, որ չնայած շատ հղի կանայք կողմնակի էֆեկտների համար ահազանգել են, սակայն այդ ազդեցությունները չեն տարբերվել մյուս մարդկանց վրա պատվաստանյութի թողած ազդեցությունից՝ ցավ ներարկման հատվածում, թուլություն, ջերմություն և այլն։ Պատվաստանյութերի հետ կապված անվտանգության ակնհայտ խնդիրներ չեն հայտնաբերել:

Ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի հանդեսում (American Journal of Obstetrics and Gynecology) հրապարակված հետազոտությունն ուսումնասիրվել է հղի և կերակրող կանանց վրա պատվաստանյութի ազդեցությունը։ Հակամարմինները հայտնաբերվել են պորտալարի արյանև կաթի մեջ։ Սա խոսում է այն մասին, որ պատվաստանյութը պաշտպանություն է ապահովում ինչպես մոր, այդպես էլ երեխայի համար։

Կենտրոնը, միևնույն ժամանակ, նշում է, որ հղիները պետք է պատվաստվելու որոշում կայացնեն բժշկի խորհրդով, յուրաքանչյուր անձի պետք է տրվի անհատական մոտեցում՝ գնահատելով բոլոր ռիսկերը։ Սակայն, եթե կինը պլանավորում է հղիանալ, ապա պատվաստման փաստը չի կարող նրան խանգարել, քանի որ դրա համար չկա որևէ պատճառ։ Ավելին, բժշկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ Նյու Հեյվենի հիվանդանոցի մանկաբարձության վարիչ Քրիստիան Պետերն ասում է, որ հղիանալ ցանկացող կանայք անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը բացասական հետևանք չի ունեցել հղիության ընթացքի վրա հետազոտությանը մասնակցած կանանց մոտ։

Հունիսի 14-ին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված խորհուրդներում, որը նախատեսված է հղիների և հղիանալ ցանկացողների համար, ևս նշվում է, որ չկա անհրաժեշտություն խուսափել հղիությունից՝ COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո։ Չկա որևէ ապացույց, որ պատվաստանյութը առաջացնում է անպտղություն կամ փոքրացնում հղիանալու շանսերը։

ԱՄՆ-ում շուրջ 35,000 պատվաստված հղիների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ չկա որևէ ապացույց, թե հղիների վրա պատվաստվելն ունենում է բացասական հետևանք կամ, որ սրսկումները վնասում են պտղին։

Ռուսաստանի ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանի խոսքով՝ կանայք, որոնք պատրաստվում են հղիանալ և ունեն ուղեկցող հիվանդություններ, պարտադիր պետք է պատվաստվեն։ Ըստ նրա՝ ոչ մի պատվաստանյութ չի կարող առաջացնել այնպիսի բարդություններ, ինչպիսին կարող է կորոնավիրուսային վարակը։ Ավելին, եթե մայրը պատվաստված է, ապա պտուղը ևս պաշտպանված է կորոնավիրուսային վարակից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հունիսի 26-ին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել էր, որ հղիություն պլանավորող կանայք չպետք է վախենան կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց:

«Պատվաստանյութերի մշակման համակարգը և այն, ինչ գիտենք դրանց մասին, բավական է ասելու, որ պատվաստանյութերից որևէ մեկը, որն այժմ արտադրվում է, չունեն պոտենցիալ՝ ազդելու հղիության վրա», - ասել է նա։

---------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5401 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող