Բեռնվում է

Դավադրության տեսություն․ Սորոսը ծրագիր ունի ոչնչացնել Հայաստանը

Վճիռ․մեծ մասամբ սխալ

Հուլիսի 12-ին 24news.am կայքը հրապարակեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանի հարցազրույցը, որում հնչում էր դավադրության տեսություն Ջորջ Սորոսի և Հայաստանը ոչնչացնելու ծրագրի մասին։

Բանակի մասին հարցազրույցի վերնագիրը Սորոսին էր նվիրված

Շուրջ 21 րոպեանոց հարցազրույցը մեծ մասամբ նվիրված էր Հայաստանի բանակի խնդիրներին։ Միայն վերջին երկու րոպեների ընթացքում էր Գրիգոր Գրիգորյանը հնչեցնում պնդումներ Հայաստանը ոչնչացնելու դավադրության մասին։ Չնայած որ այս հատվածը հարցազրույցի միայն մի փոքր մասն էր կազմում, 24news.am-ը այն օգտագործել էր վերնագրում․ «Մասոնները» և «Սորոսը» ծրագիր ունեն ոչնչացնել ՀՀ-ն, իշխանությունը սպասարկում է նրանց շահը»։

Ուղեկցող հոդվածում կայքը նորից կրկնում էր այս արտահայտությունը՝ որպես Գրիգորյանի խոսքերի մեջբերում։ Դա խմբագրված մեջբերում էր, Գրիգորյանը իր խոսքում ասում էր հետևյալը․ «Համաշխարհային միջավայրում գոյություն ունի, իմ կարծիքն ա դա, Հայաստանի ոչնչացման խնդիր, որը իրականացվում ա թուրքերի ձեռքով, որի ետևում կանգնած ա մասոնիզմը, իմ կարծիքն ա, և էդ սորոսական գրասենյակները։ Սորոսը որ երկիր մտել ա, այդ երկիրը քանդվել ա»։ Որպես Սորոսի «քանդած» երկրների օրինակ Գրիգորյանը բերում էր Ուկրաինան, Հարավսլավիան և Վրաստանը։

Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նորից կրկնեց, որ Սորոսը փորձում է ոչնչացնել Հայաստանը, և դա պետք է առաջին հերթին Իսրայելին։

Դավադրության տեսությունը հիմնավորված չէ

Հասկանալի չէ, թե ինչ նկատի ունի Գրիգորյանը, երբ խոսում է «քանդած» երկրների մասին և ինչպես է նա սահմանում «քանդած» երկրները։

Այնուամենայնիվ, Գրիգորյանի թվարկած երկրները ունեն ընդհանրություն․ բոլոր երեքն անցել են ռազմական կոնֆլիկների միջով։ Հարավսլավիան դադարել է գոյություն ունենալ, Վրաստանը և Ուկրաինան կորցրել են տարածքներ։ Սակայն այս երեք կոնֆլիկտները բարդ և երկարատև աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունք են, և ոչ թե մեկ կամ մի խումբ մեծահարուստների կազմակերպած գործողություն։ Հետևաբար՝ Գրիգորյանի պնդումները հիմնված չեն փաստերի վրա և հանդիսանում են սխալ տեղեկություն դավադրության տեսությունների ժանրից։ Դավադրության տեսությունները իրադարձություները բացատրում են որպես անհատների կամ անհատների խմբերի գաղտնի գործ և ներկայացնում են ոչ հավանական եզրակացություն:

Ջորջ Սորոսը մեծահարուստ գործարար է և բարերար։ Նրա հիմնած Բաց հասարակության հիմնադրամները (ԲՀՀ) ֆինանասավորում են ժողովրդավարացմանը նպաստող ծրագրեր տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ 1998 թ․ սկսած ԲՀՀ-ն օժանդակել է հայաստանյան քաղաքացիական հասարակությանը (այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը), հանրակրթական դպրոցներ, համալսարաններ, լրատվամիջոցներ և այլն։ Հայաստանյան հիմնադրամի ֆինանսավորած նախաձեռնությունների մասին տեղեկությունը հասանելի է դրա կայքում։ Հիմնադրամը արգելված է ավտորիտար երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և այլն։

Հիմնադրամը հաճախ է դառնում սխալ կամ մանիպուլյատիվ լուրերի թիրախ (հղում 1, հղում 2, հղում 3)։ Հայաստանում Սորոսի հիմնադրամի մասին դավադրության տեսությունը օգտագործվում է քաղաքական խմբերի կողմից: Այն բազմիցս հերքվել է փաստեր ստուգող լրագրողների կողմից (հղում 1, հղում 2, հղում 3

-----------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

4167 - Ստուգված փաստ
Կեղծ Լուր
25%
Ճշմարտություն
19%
Մեծ մասամբ ճշմարտություն
11%
Մանիպուլյացիա
8%
Կիսով չափ ճշմարտություն
8%

Ամենաընթերցվող