Բեռնվում է

Սխալ․ Սպիտակ տունը արգելել է պատվաստանյութերի մասին տեղեկության տարածում

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հուլիսի 17-ին Pastark.am կայքը պնդեց թե ԱՄՆ կառավարությունը արգելել է կորոնավիրուսի պատվաստումների մասին տեղեկության տարածումը Ֆեյսբուքում։ Այս պնդումը սխալ էր․ Սպիտակ տունը մտահոգություն էր հայտնել միայն կորոնավիրուսի մասին տարածվող ապատեղեկատվության մասին։

«Սպիտակ տունն ընդդեմ պատվաստանյութերի` Facebook-ում» վերնագրով հոդվածում Pastark.am-ը կայքը պանդում էր, թե Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ «Facebook սոցիալական ցանցում պատվաստանյութերի մասին տեղեկատվության տարածումը կարգելվի»։ Կայքը նաև հարցնում էր․ «Արդյո՞ք սա պատվաստանյութերի մասին իրական տեղեկատվությունը թաքցնելու հերթական տարբերակը չէ»։

Հոդվածին կցված էր տեսանյութ Ջեն Փսակիի՝ հուլիսի 15-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսից։ Պատասխանելով սոցիալական ցանցերի և ապատեղեկատվության մասին հարցին՝ Փսակին նշեց, որ Սպիտակ տունը առաջարկելու է սոցցանցերին փոփոխություններ կատարել համավարակին վերաբերող ապատեղեկատվությանը հակազդելու քաղաքականության մեջ։ Փսակին նշում էր, որ Սպիտակ տունը ավելացրել է ապատեղեկատվությունը հետազոտող աշխատանքները և Ֆեյսբուքին է տրամադրում տեղեկություն խնդրահարույց հրապարակումների մասին։

Փսակին, սակայն, որևէ բան չէր խոսում սոցիալական ցանցերում պատվաստումների վերաբերյալ տեղեկությունն արգելելու մասին։ Նրա ելույթը վերաբերվում էր տարածվող ապատեղեկատվությանը, այսինքն՝ կեղծ կամ մոլորեցնող բովանդակությանը պատվաստումների մասին։

Վերջին շրջանում Սպիտակ տունը ավելի խիստ է քննադատում ապատեղեկատվության խնդրին սոցիալական ցանցերի մոտեցումը։ Փսակիի ելույթից երկու օր անց՝ հուլիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատեց սոցիալական ցանցերը պատվաստումների մասին ապատեղեկատվության տարածմանը չխոչնդոտելու համար։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ում համավարակը այժմ գոյություն ունի միայն չպատվաստվածների շրջանում։

Ի պատասխան Սպիտակ տնից հնչող քննադատությնը Ֆեյսբուքը հայտարարեց, որ ընկերությունն արդեն հեռացրել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն պարունակող ավելի քան 18 միլիոն գրառում։ Ֆեյսբուքը նաև նշել էր, որ ընկերությունը "չի շեղվելու փաստերով չհիմնավորված մեղադրանքների վրա"։

-----------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

3361 - Ստուգված փաստ
Ճշմարտություն
23%
Կեղծ Լուր
18%
Մեծ մասամբ ճշմարտություն
13%
Կիսով չափ ճշմարտություն
10%
Մեծ մասամբ սխալ
8%

Ամենաընթերցվող